«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին փաստաբան Դավիթ Ասատրյանը անդրադարձել է ԶԼՄ-ների դեմ դատական հայցերին

 2019-2020 թվականի տվյալները 2012-2013 թվականներին կատարված հետազոտության հետ համեմատելով, կարող ենք արձանագրել, որ բարձրացել է դատական ակտերի որակը, պատճառաբանությունների, հիմնավորվածությունների մակարդակը:

«Զանգվածային լրատվության միջոցներն ավելի լավ պաշտպանության միջոցներ են կիրառում, որոշ դեպքերում առկա է փաստաբանի մասնակցությունը: Ընդհանուր առմամբ, դրական միտում կա, բայց, ամեն դեպքում տեսնում ենք, որ կան հիմնավոր խնդիրներ: Բարելավումների համար մենք ներկայացնում ենք առաջարկներ»,-ասաց Դավիթ Ասատրյանը:

Նշված խնդիրներից է այն, երբ դատարանները տարաբնույթ մեկնաբանություններ են տվել արատավորող արտահայտությունների հիմքում ընկած փաստերի և գնահատող դատողությունների վերաբերյալ։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները պահանջում են, որ նման դեպքերում կիրառվեն միատեսակ մոտեցումներ։ Այս պահանջին չհետևելը հանգեցնում է անձանց իրավունքների խախտման։ Վիրավորանքի և զրպարտության գործերով կայացված դատական ակտերը հաճախ թերի են պատճառաբանված։ Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում ներպետական դատարանների ակտերի չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը համարել է անձի արդար դատական քննության իրավունքի խախտում: Մանրամասը տես այստեղ