Փաստաբան Աշխեն Դաշյանի հարցազրույցը EVN Report-ին

Ոտնահարված իրավունքների վերականգնում

Փաստաբան Աշխեն Դաշյանը նշում է, որ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների պաշտպանության կոնվենցիային միացել է նաև Ադրբեջանը՝ դեռևս 1992 թվականին՝ ընդունելով, որ  յուրաքանչյուր երեխա ունի կյանքի անկապտելի իրավունք, ճանաչել է երեխայի կրթության իրավունքը, նաև, որ նա չպետք է ենթարկվի իր անձնական, ընտանիքի կյանքի, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիության կամայական կամ ապօրինի միջամտության, կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության և այլն։

Այս փաստաթղթի նախաբանում պետությունները որոշակի պարտավորություններ են ստանձնում հաշվի առնելով ու հիշելով որոշակի հանգամանքներ, մասնավորապես. «Միավորված ազգերի կազմակերպությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում հռչակել է, որ երեխաներն ունեն հատուկ հոգածության և օժանդակության իրավունք», «ընտանիքին՝ որպես հասարակության հիմնարար խմբային միավորի, և նրա բոլոր անդամների ու հատկապես երեխաների աճի ու բարեկեցության բնական միջավայրի, պետք է ցուցաբերվի անհրաժեշտ պաշտպանություն և աջակցություն»։

Ա. Դաշյանի խոսքով, այս պարտավորությունների ոտնահարումը կարող է պետության համար հետևանքներ առաջացնել, եթե համապատասխան դիմումներ լինեն 3 միջազգային կառույցների՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե, ՄԱԿ-ի երեխաների իրավունքների պաշտպանության կոմիտե, Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ «Եթե արձանագրվել են իրավունքի խախտումներ, պետությունը կամ մասնավորը, օրինակ երեխայի ծնողը, պետք է դիմի այս մարմիններին՝ բարձրաձայնելով խախտման փաստը»,- նշում է փաստաբանը։

Ի դեպ, բոլորովին կարևոր չէ՝ երեխան ճանաչված, թե չճանաչված պետության քաղաքացի է։ Ամբողջ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: