
2009թ․-ից սկսված դատական գործընթացներից հետո Սահմանադրական դատարանն (ՍԴ) այս տարվա մարտի 9-ին կայացրած որոշմամբ, բեկում է մտցրել «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի գործում: ՍԴ-ն որոշել է, որ ընկերության նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման, քանի որ դատարանները օրենքը կիրառել են ոչ ճիշտ մեկնաբանությամբ:
Ընկերությունն անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագրի հիման վրա «Կառ-Պրինց» արտադրական կոոպերատիվի վարկային 70 մլն դրամ պարտավորությունների դիմաց 2008թ. գրավադրել էր Երևան քաղաքի Իսակովի պողոտայի 48 հասցեի անշարժ գույքը (3444,3 քմ) «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ում (ներկայում՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ):Կողմերի համաձայնությամբ գույքը գնահատվել էր 310 մլն դրամ: ՓԲԸ-ի իրականացրած շինարարական աշխատանքների արդյունքում նշված հասցեում գտնվող արտադրական շենքի մակերեսն ավելացել և կազմել էր 3704,7 քմ: Կատարվել էր սեփականության իրավունքի գրանցում, որից հետո գույքն այլևս չէր գրավադրվել և գրավի առարկա չէր հանդիսացել:
2009թ․ օգոստոսին՝ «Պրոմեթեյ բանկ»-ը 138 միլիոն դրամ պարտավորության դիմաց, առանց դատարան դիմելու, բռնագանձում էր տարածել գրավի առարկա չհանդիսացող գույքի վրա: Արդյունքում գրանցվել էր բանկի սեփականության իրավունքը Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեում գտնվող 0,1744 հա հողամասի և 3704,7 քմ շենքի նկատմամբ:
«Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ն հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Կադաստրի պետական կոմիտեի՝ «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ի՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջով: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը, իսկ 2011թ.՝ Վճռաբեկ դատարանը, բանկի բողոքի հիման վրա բեկանել էր վճիռը և հայցը մերժել: